Օվերչուկը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո մնացել են չլուծված։
Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար։ Այս մասին РИА Новости»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, հաղորդակցություն է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև, երկխոսության հարթակ է տրամադրում: Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ կլինի ապաշրջափակումը, և որքան արագ կամ դանդաղ․ երբ կողմերը պայմանավորվեն, դա տեղի կունենա»,- ասել է նա։
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ ինքը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո մնացել են չլուծված։
«Հիմնական աշխատանքը շարունակվում է․ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմի հետ։ Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը չի դադարում»,- նշել է Օվերչուկը՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների հարցին։