Սյունիքում ռուս դիվանագետների առաջին խումբը կարող է լինել արդեն այս տարվա աշնանը. Պալտով

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը ոչ թե պարզապես Ռուսաստանի դիվանագիտական ներկայացվածությունն է, այլ շատ ավելին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Կապանում Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։

Նրա խոսքով` ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը։ Նա նշեց, որ դիվանագետների տեղակայումը սկզբում կարվի առանց գլխավոր հյուպատոսության լիարժեք բացման, քանի որ դրա համար ժամանակ և որոշակի ընթացակարգեր են անհրաժեշտ երկու երկրների ԱԳՆ-ների միջև: Այնուամենայնիվ, Պալտովի խոսքով, ռուսական պատվիրակությունն արդեն տեսել է գլխավոր հյուպատոսության համար շենքն ու տարածքները, որոնցում կարող են տեղավորվել դիվանագետները:

«Սա շատ կարևոր քայլ է։ Մեր դիվանագետների ներկայությունը Սիսիանում և Գորիսում սահմանապահների, զինվորականների, ինչպես նաև ռուսական հաստատությունների հետ միասին լրացուցիչ անվտանգության երաշխիք է», – նշեց նա։

Պալտովի խոսքով` այսօր տարածաշրջանում ՌԴ–ի շուրջ 1000 քաղաքացիներ են աշխատում, և նրանք բոլորը հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն։ Ամեն անգամ Երևան հասնելը հարմար չէ։ Հավելեց, որ այստեղ հյուպատոսական ծառայություններն ավելի ընդարձակ են լինելու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print