Մարզպետը` Կապանում հայկական դիրքերի գնդակոծման մասին

Մարզպետը նշել է, որ Բաքվի նպատակն է թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։

 Կապանի մոտ գտնվող հայկական դիրքերի գնդակոծումն ուղղված է հայ–ռուսական հարաբերություններին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ՌԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Երեկ ադրբեջանական ԱԹՍ–ները կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա նպատակաուղղված է հայ–ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետև միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային և նման բան թույլ չտային»,– նշեց մարզպետը։

Նա հավելեց, որ իրենք շատ լավ գիտակցում են այս ամենի նպատակը` թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։

Մարզպետը շեշտեց, որ, բարեբախտաբար, զոհեր չունենք, միայն մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի մոտ։ Ըստ նրա` այս պահին իրավիճակը հանդարտվել է։

«Նրանք ցանկանում էին հարված հասցնել մեր հարաբերություններին։ Բայց դուք լավ գիտեք Սյունիքը և գիտեք, թե այստեղ մարդիկ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, կարևորում այս կապերի պահպանումը»,– ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասաց մարզպետը։

Ղուկասյանը հավելեց, որ հայ–ռուսական հարաբերությունները պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Խոստացավ` անելու են ամեն բան, ինչ իրենցից է կախված, որ ապագա սերունդներն անգամ ավելի սերտ հարաբերություններ ունենան, քան այսօր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print