23 նոր կրթական հաստատություն կկառուցվի

Սյունիքի մարզում արդեն իսկ ընթանում են 40 կրթահամալիրների շինարարական ծրագրերը, որոնցից 3-ի շենքերն արդեն կառուցման փուլում են, մեկինն ավարտված է:

ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կառավարությունը 23 նոր կրթական հաստատություն կկառուցի՝ 9 կրթահամալիր և 14 դպրոց։ Այսօր կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով համապատասխան նախագիծը։

Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվեց 224 մլն 100 հազար դրամ։

«Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսումնական հաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են՝ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը»,– ասաց Անդրեասյանը։

Այդ նախապայմաններից ելնելով Վայոց Ձորի մարզում կրթահամալիրների համար ընտրվել է 4 բնակավայր Արտաբույնք, Քարագլուխ, Արփի և Մարտիրոս գյուղերը, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն և Ոսկևան գյուղերը։ Դպրոցների նոր շենքերը կառուցվելու են Վայոց Ձորի մարզի Վայք և Արենի գյուղերում և Տավուշի մարզի 8 բնակավայրում Այրում, Կոթի, Բագրատաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Նոյեմբերյան, Կողբ և Սևքար։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում արդեն իսկ ընթանում են 40 կրթահամալիրների շինարարական ծրագրերը, որոնցից 3-ի շենքերն արդեն կառուցման փուլում են, մեկինն ավարտված է:

Ժաննա Անդրեասյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նման կրթահամալիրներ են նախատեսում կառուցել նաև Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print