Օվերչուկը նշել է՝ երբ կվերականգնվի երկաթուղին

Ռուսաստանի փոխվարչապետը շեշտել է՝ ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։

Փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ, որի համաձայն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով։ Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում։

«Փաստաթուղթը ելնում է կողմերի ինքնիշխանության հարգանքից, որոշարկում է հիմնական մոտեցումները, կարգավորում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգը։ Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում․ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։  Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»։ 

Օվերչուկը հայտարարել է, որ փաստաթղթի նախագիծը ձևավորվել է և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է փոխվարչապետերի մակարդակով, թեև դեռ պետք է աշխատել հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս։

Հարցին՝ երբ է լինելու ապաշրջափակումը, Օվերչուկը նշել է․ «Այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Կլինի հետո, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը գործում էր խորհրդային տարիներին ու շահագործվում և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print