Տաթեւում փառատոն կանցկացվի

Փառատոնի մուտքն ազատ է։

Հունիսի 24-ին եւ 25-ին Տաթեւում կանցկացվի Սյունիքի պատմության եւ լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Հայտնում են ՏաԹևեր ճոպանուղուց։

IDeA հիմնադրամից հայտնել են, որ փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր միջոցառումների, վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹեւեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգեւոր, կրթական եւ ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթեւի վանական համալիրը։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ասել է, որ կոմիտեն զբոսաշրջությունը զարգացնում է 4 հիմնական ուղղությամբ՝ արկածային, մշակութային, գաստրո եւ բնություն։

«Այս ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանակում, որը շատ կարեւոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Կարեւորելով միջազգային շուկան՝ Կոմիտեն իրականացնում է ճանաչողական այցերի ծրագիրը, որի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր երկրներից մեդիա ներկայացուցիչների եւ բլոգերների»,- ասել է նա:

Տաթեւի վանքի մոտ տեղի կունենա «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով» ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների եւ ականավոր դեմքերի մասին, որից հետո այցելուները կմասնակցեն ազգային խաղերի ու պարերի։

«ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ ողջ օրն ընթանալու է տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները ցուցադրելու են տարածաշրջանի ավանդական արհեստները, իսկ այցելուների համար անցկացվելու են վարպետության դասեր։ Երաժշտական ծրագրի շրջանակում ելույթ է ունենալու «Միքայել Ոսկանյան եւ Թառափ տրիո» խումբը։ Նախատեսված է նաեւ DJ-ով պարահրապարակ, մանկական ժամանցի եւ հանգստի մեծ գոտի։

Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կկայանա «Միջնադարյան ընթրիք ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։

Կիրականացվի նաեւ շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում» ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն կլինի Հին Խնձորեսկ գյուղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print