Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին։
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 2-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2017-2018 թվականների ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար Ա.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված 1 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 2 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ շուրջ 60 մլն 802 հազար 500 դրամ.
- Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի ներկայիս միջին շուկայական արժեքի չափով գումարը՝ 83 մլն 655 հազար դրամ.
- MITSUBISHI PAJERO մակնիշի տրանսպորտային միջոցը.
- «Լեոնարդո և ընկերներ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասը.
- 382 մլն 14 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել ։ –