Ինչու եռակողմ հայտարարությունը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին։ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում շրջադարձային էր, իհարկե, Շուշիի անկումը։ Ըստ նրա այս հարցում էականը ոչ միայն Շուշիի խորհրդանշական դերն էր, այլ ռազմավարական
«Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և որ ամենակարևորն է մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելուիրենց արդեն հինգերորդ փորձն էր։ Ըստ նրա առաջին նման խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Դրանից հետո Ռուսաստանի նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների, և , օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար։ Ասացի, որ համաձայն եմ` մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը»,– շարունակեց ներկայացնել Փաշինյանը։