Սուդանում երկու հայ կին է սովամահ եղել

Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց տները, տասնյակ երկրներ հակամարտության առաջին օրերին տարհանել են իրենց քաղաքացիներին։

ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել։

«Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին (քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է) նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է ավագին խնամելու»,- պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Սուդանի հայ համայնքի անդամներին։

Հայաստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով՝ որոշ ժամանակ սուդանցի բնակիչները օգնել են հայազգի քույրերին սնունդ հայթայթելու հարցում, սակայն հետագայում «խնդիրները բարդացել են, և քույրերը օրեր շարունակ առանց սնունդ են մնացել»։

Սուդանում ռազմական դրությունը կտրուկ սրվել է ապրիլի կեսերին․ երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև ներքին տարաձայնությունների պատճառով զինված բախումների զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ, առնվազն 6 հազարը՝ վիրավորվել։ Ավելի քան երկու ամիս շարունակվող արյունահեղությունը կանխելու միջազգային միջնորդների ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել, հրադադարի շուրջ պայմանավորվածությունները որպես կանոն խախտվում են։

Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց տները, տասնյակ երկրներ հակամարտության առաջին օրերին տարհանել են իրենց քաղաքացիներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print