Քննարկվել են պարենային անվտանգության ու տնտեսության աշխատանքի հետ կապված հարցեր

Պետնախարարն ընդգծել է, որ առկա խիստ սահմանափակ վառելիքի պաշարները պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես հանդես են եկել զեկուցումներով:

Պետական նախարարը, անդրադառնալով վեցամսյա շրջափակման մեջ գտնվող Արցախի սահմանափակ հումանիտար բեռնափոխադրումների՝ հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից ամբողջությամբ արգելափակելու հանգամանքին, մասնավորապես, նշել է.

«Թեև մենք շրջափակման մեջ ենք գտնվում 2022թ. դեկտեմբերի 12-ից, այդուհանդերձ, այդ ընթացքում, ունենալով շատ քիչ հնարավորություններ, մենք կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը: Այդ պատճառով մենք հիմա ունենք դիմադրողականության ավելի մեծ աստիճան: Խուճապի մատնվել պետք չէ. իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր: Ունենք կրիտիկական պահերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Ալյուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով ունենք կայուն վիճակ»:

Գուրգեն Ներսիսյանը, կարևորելով հանրության հետ պատշաճ հաղորդակցությունը, շեշտադրել է, որ պարենային անվտանգությունը հասարակությանը մտահոգող գլխավոր թեմաներից է, սակայն, մյուս կողմից, դրա վերաբերյալ հնարավոր չէ խոսել լրիվ բաց կերպով, քանզի այն առնչվում է անվտանգային նշանակության հարցերի:

Պետնախարարն ընդգծել է, որ առկա խիստ սահմանափակ վառելիքի պաշարները պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար: «Այդ նպատակով պետական համակարգի կողմից վառելիքի օգտագործումը հասցրել ենք գրեթե զրոյականի, փորձելու ենք կազմակերպել հասարակական տրանսպորտի աշխատանքը և գյուղատնտեսական աշխատանքները: Ֆիզիկական անձանց վառելիք տրամադրվում է հիմնականում առողջական խնդիրների հետ կապված հարցերով և յուրաքանչյուր անհատական դեպք ենթարկելով առանձին ուսումնասիրության»,- նշել է Գ. Ներսիսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի խնդիրները և դրանց լուծման ձևերը: Պետական նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել՝ արագ մշակելու ու իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրա հավասարաչափ բաժանումն ու իրացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print