Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը իրականացվող ծրագրերի շրջանակներում կարևորեց Եկեղեցու աջակցությունը։

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպմանը Քրիստինե Վայգանդը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց նախադպրոցական և դպրոցական տարիքի, խոցելի խմբերի երեխաների պաշտպանության, առողջապահության ու կրթության, ինչպես նաև հանրակրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը իրականացվող ծրագրերի շրջանակներում կարևորեց Եկեղեցու աջակցությունը։

Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով Քրիստինե Վայգանդին, ընդգծեց, որ նախանշված ոլորտներում Եկեղեցին ևս հետևողականորեն իրականացնում է իր առաքելությունը՝ նպաստելով երեխաների խնամքի, կրթության, դաստիարակության և խոցելի խմբերի սոցիալական խնդիրների հաղթահարման գործին։

Այս առիթով Հայոց Հայրապետը նշեց, որ Հայ Եկեղեցու հովանու ներքո գործում են Հայորդաց Տներ, կիրակնօրյա դպրոցներ, երեխաների խնամքի կենտրոններ, երիտասարդական կառույցներ, որոնք իրականացնում են հոգեխնամ, կրթադաստիարակչական առաքելություն։

Հիշյալ ոլորտներում երեխաների հետ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայոց Հովվապետը կարևոր նկատեց Եկեղեցու և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև սերտ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print