Լարսում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի

Օրական միջինում արդեն ձևակերպվում է մոտ 1300 բեռնատար։

Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիները շահագործման են հանձնվել, բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի։

Մուրադյանը Վերին Լարսի անցակետում հանդիպել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումներին և հերթերը զրոյի հասցնելուն առնչվող մի շարք հարցեր։ Հունիսի 15-ին շահագործման է հանձնվել 15 նոր ուղի, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար, 1 ուղի՝ գերծավալային բեռների համար»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով։ Օրական միջինում արդեն ձևակերպվում է մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմում հերթերի վերացմանը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը։ Դա թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում։ Այսպիսով` բեռները հնարավոր կլինի ավելի արագ ձևակերպել։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լարսի անցակետում առկա խնդիրները համատեղ ջանքերով օպերատիվ լուծելու առնչությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print