Մեկ շահառուին հաշվարկված միջին հետվճարի չափը նույնպես աճել է, 2700-ից դառնալով 3300 դրամ։
Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս ծրագիրը ոչ թե շարունակելու են մինչև տարեվերջ, այլ՝ ընդմիշտ․ «Այլ բան, թե ֆինանսավորման մեխանիզմները, բանաձևն ինչպես կիրականացնենք, բայց այս մեխանիզմը մենք անընդհատ պետք է իրականացնենք, ընդ որում, հնարավոր է՝ բարդ որոշումների գնանք։ Օրինակ, կենսաթոշակների ավելացումներն ինչ-որ բանաձևերով իրականացնենք անկանխիկ տրամաբանությամբ»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ նախորդ տարի թոշակները բարձրացրել են 2 անգամ, բայց ինքը համարում է, որ բարձրացրել են 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը. «Հուսով եմ՝ չենք մոռացել, որ հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ պետք է բարձրացնենք»,- ասել է նա
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ այս ծրագրին մասնակից բանկերը չորսն են՝ «Հայբիզնես», «Ակբա», «Արդշին» և «ՎՏԲ»։
«Լավ չեմ հասկանում մյուս բանկերին, որ սոցիալական պատասխանատվությունից խուսափում են»,- արձագանքեց վարչապետը։
Նա նշեց, որ անկանխիկի այս ծրագրից օգտվել է 595.000 թոշակառուներից և նպաստառուներից 114.000-ը։
Աշխատանքի և սոցւիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հաշվի առնելով, որ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով ունեցել ենք դրական դինամիկա, անկանխիկ գործարքների թիվը 8 անգամ աճել է. «Եթե 2022-ին դա 525 մլն դրամ էր, ապա 2023-ի մայիսի դրությամբ՝ 4,4 մլրդ դրամ: Շահառուների թվի մասով մեկնարկի սկզբին շահառուների թիվը 16 900 էր, 2022-ի դեկտեմբերին 66 800, իսկ արդեն մայիսին՝ շահառուների թիվը հատել է 114 հազարը:
Մեկ շահառուին հաշվարկված միջին հետվճարի չափը նույնպես աճել է, 2700-ից դառնալով 3300 դրամ: Ընդհանուր հետվճարը կազմել է շուրջ 2,38 մլրդ դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կենսաթոշակառուների 82,2 տոկոսն այժմ թոշակն ստանում է բանկային քարտերով»: