Փաստաբանները գործադուլ են հայտարարել

Փաստաբաններն այսօր՝ հունիսի 26-ին, մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Նշենք, որ փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք գլխավոր դատախազին հեռուստացույց են նվիրել՝ բռնության դեպքերի մասին իրազեկելու նպատակով, ՆԳՆ շենքի մոտ են գնացել, որի ընթացքում փաստաբաններից մեկը եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, նրանք իրենց պահանջագիրն են ներկայացրել ՆԳՆ-ին: Ըստ փաստաբանների պահանջի՝ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print