Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում):
«Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը):
Նշենք, որ այսօր փաստաբանները հայտարարել են մեկօրյա գործադուլ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին: