Ռուբինյանը վստահեցրեց՝ ինքը, ըստ անհրաժեշտության, խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։
Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք։ Այդ մասին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Վերջին պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք: Եվ հույս ունենք, որ թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը, և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,-ասաց Ռուբինյանը։
Նա վստահեցրեց, որ գործընթացը կանգնած չէ, ինքը, ըստ անհրաժեշտության, խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, բայց այժմ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա: