Մենք կուզեինք, որ սահմանազատումը տևեր հնարավորինս կարճ․ Ռուբեն Ռուբինյան

Տեսականորեն սահմանազատումը կարող է տևել մեկ շաբաթ, կարող է տևել 50 տարի։

«Եթե սահմանները փոխադարձաբար ճանաչվեն, նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքի օկուպացված հատվածներից, ընդ որում, այնպես չէ, որ ճանաչելուց հետո պիտի դուրս գան: Ամեն դեպքում, պիտի դուրս գան, որովհետև դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքներն են»,- ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաեւ խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ դա կախված չէ սահմանազատման գործընթացի ավարտից: «Տեսականորեն սահմանազատումը կարող է տևել մեկ շաբաթ, կարող է տևել 50 տարի, բնականաբար, մենք կուզեինք, որ սահմանազատումը տևեր հնարավորինս կարճ: Մենք նաև կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ ստորագրման համատեքստում, եթե այդ պայմանագրի գլխավոր կետերից մեկը տարածքային ամբողջականությունն է, պետք է լինի մեխանիզմ, ըստ որի՝ զինված ուժերի դիրքավորումը լինի համապատասխան ճանաչված սահմանին:

Տրամաբանությունը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և, հետևաբար, զինված ուժերը պետք է լինեն սահմանից այն կողմ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print