Փաշինյանը խոստովանում է՝ չի կարողացել պատերազմական կոնվեյերը կանգնեցնել

Պատերազմ տանող կոնվեյերը հնարավոր էր կանգնեցնել, եթե Հայաստանը հրաժարվեր ԼՂ–ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում։

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը կարող էր նման որոշում կայացնել ու գնալ այլ ճանապարհով, բայց դա չէր երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։

«Ես ուզում եմ խոսել նաև պատերազմի խաչմերուկների մասին, դրանցից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ էության, Կազանում ճշգրտված չէին։ Հաջորդ խաչմերուկը ԼՂ հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր, հետո դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացն էր», – հայտարարեց նա։

Փաշինյանը հավելեց` չի պնդում, թե պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չի եղել, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման է եղել ԼՂ հարցի կարգավորման «հայկական տեսլականից» հրաժարվելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print