ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ պետք է ձգտել ավելի շատ որակյալ ներդրողների ներգրավել։
ՀՀ կառավարությունը ցանկանում է հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտով ներդրումներ ապահովել։ «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը` պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան–քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
«Ներդրումներ ներգրավելը կառավարության համար ինքնանպատակ չէ. պետք է այնպիսի միջավայր, որտեղ ստանդարտները լինեն հստակ ու բոլորի համար կանխատեսելի»,-ընդգծեց ասաց փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքային տատանումներին՝ փոխնախարարի կարծիքով այն իր ազդեցությունը ոլորտի վրա ունեցել է, սակայն կառավարությունը որևէ գործիքակազմ չունի իրավիճակը վերահսկելու համար։
Քննարկման մասնակից ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր հերթին նշեց, որ պետք է ձգտել ավելի շատ որակյալ ներդրողների ներգրավել, քանի որ իրենք իրենց հետ բերում են նոր ստանդարտներ, փորձ, որոնք հետո փայլուն արդյունքներ են ցույց տալիս։
«Կարծում եմ` պետք է սահմանել միջին ստանդարտ, որ բոլոր հանքարդյունահանողները համապատասխանեն դրան։ Ինչքան հստակ լինի չափանիշը, այնքան ավելի հեշտացվում է բոլորիս կյանքը։ Ռազմավարության մեջ նաև պետք է շատ շեշտադրումներ անել որակյալ ներդրողների մասին ու դրանցով առաջնորդվել ապագայում։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը ճիշտ կիրառելու դեպքում նաև լավ արդյունքներ կլինեն»,– ընդգծեց Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ մայիսի 11–ին կառավարության որոշմամբ հաստատվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը մինչև 2035 թ–ն: Ռազմավարությամբ սահմանվել է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառում: