ՄԻՊ Մանասյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի տնօրենի հետ

Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում այս հարցերի առնչությամբ իրականացված աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 28-ին, ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս Քլայզերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:

Ողջունելով հյուրերին՝ պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ, հարցը բարձրացնում է միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց հարազատների՝ իրենց ընտանիքի անդամի գտնվելու վայրի և ճակատագրի մասին իմանալու, արդյունավետ քննության, ներառյալ՝ վարույթի շրջանակներում որպես տուժող ճանաչվելու և այլ իրավունքներին։ Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում այս հարցերի առնչությամբ իրականացված աշխատանքները։

Իր հերթին Անդրեաս Քլայզերը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը, ներկայացրել հանձնաժողովի մանդատը և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի աշխատակազմի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print