Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեում գտնվող BAN ակումբ, որտեղ հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթոդոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նաեւ նշել է. «Անհերքելի ճշմարտություն է, որ ոստիկանությունը հրատապ ռեժիմով պետք է ահռելի ծավալով միջոցառումներ իրականացնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նախականխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։
- Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները։
- Յուրաքանչյուր ծնող իր հերթին պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված։
- Ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները։ Հանրությունն էլ պետք է իրազեկված լինի, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, որ հանրային օբյեկտներում ինչ ռիսկեր կան։