Արտգործնախարարները արձանագրել են, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ:
Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը: