ԱՀ նախարարի խոսքով՝ առարկան «Հայ ժողովրդի պատմությունից» առանձնացված չեն դիտարկում։
Նոր ուսումնական տարվանից Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կդասավանդվի «Արցախի պատմություն» առարկան:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի հետ: Ի պատասխան հարցին՝ կա՞ մշակված ծրագիր, դասագրքեր, նախարարը նշեց, որ դասագիրքը մշակման փուլում են․ «Հաջորդ տարի կլինի, բայց հիմա ունենք ձեռնարկ, ըստ որի՝ հնարավոր կլինի կազմակերպել առարկայի ուսուցումը: Կազմել ենք ծրագիր, թեմատիկան որոշված է, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք, որ սեպտեմբերի 1-ից 8-9-րդ դասարաններում կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը»,-ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Հետաքրքրվեցինք, թե ինչ կարեւոր շեշտադրումներ կան: «Կարեւորությունն այնքանով է, որ մենք «Հայ ժողովրդի պատմությունից» առանձնացված չենք դիտարկում: Ընդհանուր ժամանակաշրջանում, որը պետք է քննարկվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակում, խորացված կուսումնասիրենք թե Արցախի տարածքում ինչ իրադարձություններ են տեղի ունենում: Ժամանակագրական զուգահեռությունը պահելու ենք, որպեսզի աշակերտների համար հեշտ լինի ընկալելը եւ յուրացնելը»,-հավելեց Նորայր Մկրտչյանը:
Անդրադառնալով հարցին` արդյոք թշնամու վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային հուշարձաններին ու կոթողներին անդրադարձ լինելուն, նախարարը նշեց. «Միանշանակ: Սկսած անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը անդրադարձ կա ամեն ինչին»,-ընդգծեց նախարարը: