ՔԿ-ն մանրամասներ է հայտնում երեկվա պայթյունից

Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:

Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կատարվել է դեպքի վայրի զննություն: ՔԿ–ն նախնական տվյալներ է ստացել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի սարքավորումներ։

«Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու կողմից իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո»,– տեղեկացնում են ՔԿ–ից։

Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:

Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, բետոնե կառուցվածքների որոշ հատվածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են։ Շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։

Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։

Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին` ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print