Քրեականի պետը մեղադրվում է անչափահասին խոշտանգելու համար։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը, որը մեղադրվում է անչափահասին խոշտանգելու համար, ազատ է արձակվել։
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը. «Քիչ առաջ ենք Քրեակատարողական ծառայությունից գրություն ստացել, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հիման վրա անձն ազատ է արձակվել»,- նշեց Աբրահամյանը։
Ըստ ամենայնի՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը և բեկանել առաջին ատյանի որոշումը։
Հիշեցնենք՝ armlur.am-ը հրապարկել էր տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթամազյանը հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։
Գլխավոր Դատախազություն հաղորդագրության համաձայն՝ Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։