Հանդիպմանը մասնակցել են նաև մանկավարժներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա առթիվ, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Դիլիջանի համայնքային կենտրոնում հանդիպում է անցկացրել կենտրոնի երիտասարդների հետ:
Տեղի է ունեցել քննարկում «Մարդակենտրոն հասարակության և պետականության ամրապնդման գործում սահմանադրական արժեքների դերը» թեմայով:
Հանդիպմանը մասնակցել են նաև մանկավարժներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անահիտ Մանասյանը երիտասարդներին ներկայացրել է Սահմանադրությանը վերաբերելի իր գիտական հետազոտությունների արդյունքները, անդրադարձել այդ թեմայով տարբեր տարիներին իրականացրած գիտական աշխատանքներին:
Ողջունելով կենտրոնի սաներին` նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, քանի որ դրանց միջոցով վեր են հանվում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում քննարկել դրանց լուծման ուղիները:
«Հանդիպման օրը խորհրդանշական է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մայրաքաղաքից դուրս նման ձևաչափով միջոցառումները շատ եմ կարևորում: Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելուց հետո, որպես առաջնահերթություն, պարբերաբար մարզային այցեր եմ իրականացնում` փաստահավաք աշխատանքների, քաղաքացիների հետ խնդիրները քննարկելու, ինչպես նաև դրանց համար լուծումներ գտնելու նպատակով: Մարզերում բնակվող երիտասարդները պետք է լսելի լինեն, իսկ այս հանդիպումը լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու և համագործակցության կամուրջներ ստեղծելու համար: Սիրելի երիտասարդներ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման, սահմանադրական արժեքների երաշխավորման գործում անհրաժեշտ է նաև Ձեր մասնակցությունը»,- նշել է Պաշտպանը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. քննակվել են Սահմանադրությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:
Երիտասարդները բարձրացրել են իրենց հարցերը, ներկայացրել մտահոգությունները:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրն արդյունավետ էր և այդ ձևաչափով քննարկումները կրելու են շարունակական բնույթ:
–