Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ ճնշումների տակ բանակցություն կամ երկխոսություն չի կարող լինել։
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, թե արցախյան կողմը չի մերժել երրորդ երկրում անցկացվելիք Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը։ Ըստ նրա, Արցախն ամենաշահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ։
Նա ասել է, թե երկխոսությունը կառուցողական լինելու համար պետք է որոշ չափորոշիչների համապատասխանի, այդ իսկ պատճառով է, որ դեռ այդ հարցի հետ կապված քննարկումները շարունակվում են։
Ղազարյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում իրենք տարբեր երկրների ներկայացուցիչներից առաջարկներ են ստացել նման հանդիպումներ կազմակերպելու համար. «Ինչպես տեղյակ եք՝ փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը խեղաթյուրեց այդ հանդիպումների բովանդակությունը՝ նշելով, թե, իբրև, վերաինտեգրման շուրջ են եղել այդ խոսակցությունները, որին էլ հաջորդեց Ադրբեջանի ագրեսիան»։
Միաժամանակ, Ղազարյանի խոսքով՝ ճնշումների տակ բանակցություն կամ երկխոսություն չի կարող լինել։