2 հայ զինծառայողների մասին ՄԻՊ-ը տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին

ՀՀ ՄԻՊ խոսքով այս պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ։

Փորձել ենք գտնել տարբերակներ զինծառայողների առևանգման վերաբերյալ միջազգային կառույցներին որոշակի տեղեկատվություն փոխանցելու համար: Կառավարության ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Սյունիքում առևանգված 2 հայ զինծառայողների դատական նիստի թեմային` ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանն։

«Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր՝ միմյանց հետ հեռախոսային խոսակցությունների մասին, և քաղաքացուց ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանաբար ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը:

ՀՀ ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

«Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո՛, պետք է քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print