Ուսուցիչների ատեստավորման հայտերի վերջնաժամկետը հուլիսի 15-ն է

«Այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել, բայց բավարար արդյունք չեն գրանցել, այս տարի ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ կամավոր ատեստավորման նպատակը ուսուցիչների կարողությունների զարգացումն է և դրա միջոցով խրախուսման միջոցների կիրառումը: ԿԳՄՍ փոխնախարարն այսպր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ՝ հանրապետության ուսուցիչների 13 տոկոսը:

«Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող և տվյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձինք. այս պահին դիմողների թիվը շուրջ 320 է»,- տեղեկացրեց Արաքսիա Սվաջյանը: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ունեն նաև ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները, որոնք, համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ օգոստոսի 20-ից պետք է ազատվեն աշխատանքից, քանի որ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք:

Միջին մասնագիտական կրթություն ունեցող 1370 ուսուցչից այս պահի դրությամբ հայտագրվել է շուրջ 800-ը:

«Այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել, բայց բավարար արդյունք չեն գրանցել, այս տարի ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Արաքսիա Սվաջյանի տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարի բավարար արդյունք չցուցաբերած ուսուցիչներին աջակցելու նպատակով ՀՀ 4 բուհերում նախարարության աջակցությամբ իրականացվում են վերապատրաստման դասընթացներ: Նրանց մեծ մասը՝ 700 ուսուցիչ, հայտագրվել է վերապատրաստման համար:

«Լիահույս ենք՝ այդ ուսուցիչները վերապատրաստումների արդյունքում, բացի շեմը հաղթահարելուց, նաև հավելավճար ստանալու հնարավորություն կունենան»,- հավելել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ատեստավորմանը մասնակցում են նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:

Բոլոր առարկաների կամավոր ատեստավորման ուղեցույցներն արդեն հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print