Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Հայաստանը պետք է ոչ միայն բառերով, այլև գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Արցախի տարածքում Հայաստանի Հանրապետության բանակ չկա:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հուլիսի 6-ի կառավարութան նիստում ուղղված են միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի դեմ կեղծ տպավորություն գործելուն և միանգամայն անհիմն են: Համաձայն միջազգային իրավունքի նորմերի և հայկական կողմի՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու փոխարեն կրկնել հայտարարությունը, որ Ադրբեջանի տարածքում զինված ուժերը չեն պատկանում Հայաստանին, վկայում է այն մասին, որ Երևանը չի հրաժարվում իր սխալական քաղաքականությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ տրամաբանական չէ պնդել, որ ադրբեջանական տարածքում գտնվող զինված ուժերը, որոնք գործում են Հայաստանի պաշտպանության նախարարության հրամանատարության տակ, Հայաստանին չեն պատկանում: «Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության մեջ, ապա պետք է ոչ միայն բառերով, այլև գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անհապաղ դուրս բերի անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից, որոնք սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»: