Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1 -ին նիստ հրավիրել, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց, որ հուլիսի 4 -ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո:
«Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին», – հայտարարել էր նա: