2023 թվականի հունիսի 15-ին Թ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանության փորձ) նախատեսված հանցանք կատարելու համար:
Ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում, Թ.Ա.-ն քայլել է Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ են հասցնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Մ.-ին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական գործունեության հետ, խմբի անդամների հետ ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Թ.Ա.-ն, նկատելով, որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող ԱԱԾ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Ա.Մ.-ին եւ կանխել ծանր հետեւանքների առաջացումը, բարձրացել է հարակից հատվածում կայանված ավտոմեքենայի շարժիչի ծածկի վրա եւ ոտքով մի քանի անգամ հարվածել այդ պահին ավտոմեքենայի դիմացի հատվածում կանգնած Ա.Մ.-ին, որի հետեւանքով ԱԺ նախագահն ընկել է գետնին:
Այնուհետեւ, Թ.Ա-ն, ճեղքելով Ա.Մ.-ին շրջապատած անձանց շարքերը եւ մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, մոտեցել է իր իսկ հարվածի հետեւանքով գետնին ընկած Ա.Մ.-ին եւ, անտեսելով այդ պահին հնչող «մեռնում ա…մի՛ արեք» կոչը, հստակ գիտակցելով Ա.Մ.-ի անօգնական վիճակը եւ բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Ա.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:
Թ.Ա.-ի հանցագործությունը կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցները եւ ներկաներից ոմանք կանխել են նրա գործողությունները, որից հետո հրելով նրան հեռացրել են Ա.Մ.-ից:
Թ.Ա.-ի եւ մյուսների գործողությունների արդյունքում Ա.Մ.-ն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:
2023 թվականի հունիսի 15-ին Թ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանության փորձ) նախատեսված հանցանք կատարելու համար:
Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը:
2023 թվականի հունիսի 30-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
–