Ֆրանսիայի սենատի նախագահը արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է

Գործընկերները մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արևելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության և ջերմ ընդունելության համար:

ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձևավորվել է նաև Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ քաղաքական հեղինակության եւ անձնական ջանքերի շնորհիվ:

Կողմերն անդրադարձել են Սենատի նախաձեռնած և ընդունված ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնող, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բազմաթիվ բանաձևերին: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լարշեին և Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 խորհրդարանականներին հունիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչի համար:

Սենատի նախագահն ի պատասխան արձագանքել է, որ երբևէ սովորություն չի ունեցել ստորագրելու բաց նամակներ, սակայն Հայաստանին և արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:

Ֆրանսիացի գործըկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակից` անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով փաստացի շրջափակման մեջ գտնվող արցախահայերի իրավունքների իրացման անհնարինությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում սահմանամերձ գոտիները՝ հավելելով, որ ագրեսիայի սանձազերծման հարցում ապավինում ենք Ֆրանսիայի և միջազգային այլ գործընկերների աջակցությանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները վերահաստատել են տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը և այս ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի գործադրումը կարևոր գործոն է համատեղ ուժերով արդյունքի հասնելու համար:

Գործընկերները մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արևելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:

Սենատի նախագահի հետ հանդիպմանը նախորդել էր Ֆրանսիայի ազգային հարստություն համարվող հայտնի քաղաքական, ռազմական գործիչների, մտավորականների եւ հանրահռչակ գրողների պանթեոն այցը: Պանթեոնում հաջորդ տարվա փետրվարին նախատեսված է վերահուղարկավորել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական «Պատվո լեգեոնի» հետմահու շքանշանակիր Միսաք Մանուշյանի աճյունը: ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու նախաձեռնության ամենահետևողական հեղինակ, սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պիեռ Ուզուլիասին, որը ներկա էր հանդիպմանը: Այս առիթով Սենատի նախագահը նշել է, որ վերջերս է վերընթերցել Միսաք Մանուշյանի գնդակահարությունից առաջ կնոջն ուղղված լավատեսական նամակը, որը բնորոշում է հայ ժողովրդի ազատատենչությունը և նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print