«Առավոտ» թերթը գրում է․ «6 հոգի ցանկանում է դառնալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։ Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ովքեր են դիմել: Պարզեցինք, որ օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար դիմել է 6 հոգի՝ 3 կին, 3 տղամարդ, նրանցից 4-ն ունեն երաժշտական կրթություն:
Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ հավակնորդների անունները և նրանց զարգացման ծրագրերը հրապարակման ենթակա չեն:
«6 հոգի է դիմել, գործերի ընդունման ժամկետն ավարտվել է հուլիսի 10-ին, բոլորը համապատասխանում են ներկայացված պահանջներին: Իրենք պետք է նախապատրաստվեն թեստավորման փուլին, որը կկայանա օգոստոսի 4-ին: Հայտարարության մեջ հստակ նշված է, թե որ իրավական ակտերից է կազմված լինելու թեստավորման փուլի հարցաշարը: Իրենց ներկայությամբ թեստը կձևավորվի, կտրվի 2 ժամ ժամանակ, թեստի արդյունքում՝ ով կհաղթահարի հարցերի 90 տոկոսը (սխալվելու իրավունք ունեն 80 հարցից 8-ը), նա էլ կմասնակցի երկրորդ փուլին: Օգոստոսի 8-ին էլ կկայանա հարցազրույցի փուլը:
Թեստավորման փուլից մեկ օր առաջ ձևավորվում է հանձնաժողովը, հետևաբար հանձնաժողովի բոլոր անդամներին ներկայացվում են այն հավակնորդների զարգացման ծրագրերը, որոնք հաղթահարել են թեստի 90 տոկոսը: Ուսումնասիրվում են զարգացման ծրագրերը, իրենց մոտ նշում են խնդրահարույց հարցերը, այնուհետև հարցազրույցի փուլի ժամանակ տրվում են 4 բաժիններից հարցեր: Դրանք մասնագիտական հարցեր են, հարցեր՝ հմտություններից, անձնային որակներից և զարգացման ծրագիրն է քննարկվում: Ամեն մեկի պատասխանից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ առանց իր անուն-ազգանունը նշելու՝ քվեարկում է, քվեարկության արդյունքները լցնում են արկղի մեջ, վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է դրանք:
Եվ ովքեր 65 տոկոսից ավելի ձայն են հավաքած լինում, համարվում են հաղթող: Եթե հավասար ձայներ ստացած հավակնորդներ են լինում, հանձնաժողովի անդամները նորից քննարկում են, թե ում տրվի նախապատվությունը: Առավելագույն ձայներ ունենալու դեպքում, երբ հավակնորդը հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ձայներն է հավաքած լինում, մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում, ներկայացվում է ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրամանով նշվի եւ նրա հետ կնքվի պայմանա- գիր 5 տարի ժամկետով»,- Aravot.am-ին հայտնեց Ռուզաննա Գրիգորյանը:
Ի պատասխան մեր հարցի էլ՝ ասաց, որ հանձնաժողովի կազմը հայտնի չէ, քանի որ դեռևս չի ձևավորվել, հավելեց, որ հանձնաժողովի անդամները հիմնականում ոլորտի մարդիկ են, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, լինում է նախարարը կամ համապատասխան ոլորտը կարգավորող փոխնախարարը, նաև մշակութային հ/կ-ներից ներկայացուցիչ: Պարզեցինք, որ դիմել է 3 հ/կ՝ Հայաստանի պարարվեստի ասոցիացիան, Կոմպոզիտորների միությունը, Հայի բռունցք երիտասարդական մշակութային հ/կ-ն, որոնցից կընտրվի միայն մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։