2022թ. օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մահացած երկու քաղաքացիների իրավահաջորդները 314 մլն դրամի նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջով հայց են ներկայացրել քննությունն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Պահանջում են առևտրի կենտրոնի պատասխանատուներից, պաշտոնատար անձանցից և պետությունից հօգուտ իրենց բռնագանձել մերձավորի կորստի կապակցությամբ 100-ական մլն դրամ և 114 մլն դրամ՝ պատճառված գույքային վնասի համար: Այս մասին գրում է Hetq-ը:
Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած: Դրանից առաջ՝ 2021թ. ապրիլի 6-ին, առևտրի կենտրոնի տարածքում տեղի էր ունեցել հրդեհ: Երկու դեպքով էլ հարուցվել էին քրեական գործեր, և քննության արդյունավետության պատճառաբանությամբ դրանք միացվել են և այժմ գտնվում են ԱԱԾ-ի վարույթում:
«Հետքը» գրել էր, որ թե՛ տուժողները, թե՛ նրանց փաստաբանները դժգոհ են, որ հարուցված քրեական գործի քննությունը պատշաճ չի իրականացվում: Ավելին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին «մեղադրում» են կողմնակալ դիրքորոշումներ ունենալու մեջ: Մեկ տարի է` փաստաբաններին չի հաջողվում հասնել «Սուրմալուն» շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գույքի վրա արգելանք կիրառելուն։
Փաստաբան Ավագ Լալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2022թ. պայթյունի ժամանակ մահացած Արտավազդ Հայրապետյանն անհատ ձեռնարկատեր էր, և «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացնում էր տնտեսական և կենցաղային ապրանքների մանրածախ և մեծածախ առևտուր:
Ըստ փաստաբանի՝ Հայրապետյանի 2022թ․-ի գործունեության ընթացքում ձեռք բերված ապրանքների մոտ 80%-ը եղել են ներմուծված, իսկ 20%-ը ձեռք են բերվել տեղական շուկայից:
Պայթյունի ժամանակ պահեստում եղել է 114 մլն դրամի ապրանք: Նշված գումարի մեջ ներառված է նաև Արտավազդ Հայրապետյանի տաղավարում և պահեստում ապրանքները տեղադրելու կապակցությամբ մոնտաժված 9 մլն դրամ արժողությամբ դարակաշարերի գումարը։ Ամբողջ ապրանքն ու դարակաշարերն այրվել են:
Արտավազդ Հայրապետյանն ունեցել է երկու գրանցված աշխատող, որոնցից մեկը նրա որդին է՝ Արկադի Հայրապետյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել։
Ավագ Լալայանն ասաց, որ բացի գույքային վնասը, պահանջում են նաև մերձավոր ազգականի՝ Արկադիի հոր կորստի կապակցությամբ տուժողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում՝ 100 մլն դրամ։
Որդու կորստի համար 100 մլն դրամի ոչ նյութական վնասի հատուցման պահանջ էլ ներկայացվել է Վահագն Եղոյանի անունից:
Նշենք, որ Վ. Եղոյանի որդին՝ Վաչագան Եղոյանը, պայթյունի ժամանակ մահացել էր հենց պահեստում:
Խոշոր պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կան 5 զոհ և տուժածներ (լրացվող)
Գումարային պահանջն ուղղված է «Երևան պահածոնների գործարան» ՓԲԸ-ի (այս ընկերությունն է շահագործում «Սուրմալու» առևտրի կենտրոնը) փոխտնօրեն Վարդան Մանուկյանին, հրավառ իրերի վաճառքով զբաղվող՝ Գարիկ Վարդանյանին, Վահագն Հովհաննիսյանին, Մհեր Վարդանյանին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, որոնց նույնականացման տվյալները տուժողներին պետք է հայտնի դառնան նախաքննության ընթացքում, և դրանց անունների մասով գույքային պահանջի լրացումը կկատարվի հետագայում: Նույն պահանջը ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Ավագ Լալայանն ասում է, որ պաշտոնատար անձինք չեն կատարել անձանց կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պարտավորությունը:
«Ըստ էության սույն գործով պետք է քննության առարկա դառնա, պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը և դրսևորված անգործությունը: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք ինչ գործողություններ են կատարել, որ մինչև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, արդեն իսկ հայտնի անվտանգության պահանջների խախտումները վերացվեն, իսկ վտանգները չեզոքացվեն»,- նշում է փաստաբան Լալայանը:
Գործով զբաղվող ԱԱԾ ավագ քննիչ Գևորգ Հայրապետյանը փաստաբան Ավագ Լալայանին գրավոր հայտնել է, որ ներկայացված գույքային հայցերը կցվել են քրեական գործին: Միաժամանակ տեղեկացրել, որ գույքային հայցը կարող է հարուցվել քրեական գործը դատարան հանձնելուց հետո՝ մինչև նախնական դատալսումների ավարտը: