Քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է

Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է: Այս մասին հայտնել է «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը:

Գրասենյակի տրածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ս․թ․ փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր, որ քրեական հետապնդում է հարուցվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), ինչպես նա ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին)։

Երեկ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշումը՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին, համաձայն որի՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը՝ քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համար Վիգեն Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։

Այստեղ են ասել՝ մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա։ Վիգեն Սարգսյանը պարբերաբար հանդես է գալիս հրապարակումներով, ավելին, բոլորին է հայտնի նրա գտնվելու վայրը։

Այս գործի վերաբերյալ դեռևս 2019թ․ հուլիս ամսին հաղորդում եմ ներկայացրել այն ժամանակվա գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին։

Ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, և մեր փաստաբանական գրասենյակի թվով 8 վստահորդներ ճանաչվել էին տուժողներ, որոնք լինելով բանակի գործող սպաներ՝ տարիներ շարունակ և մինչ օրս էլ դեռևս չեն ստացել իրենց բնակարանները։

Նախորդ 4 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ դիմել եմ գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեին՝ ստանալով հերթապահ պատասխաններ։

Դեռևս 2019թ․ էր պարզ, թե ինչ ապօրինության արդյունքում են բազմաթիվ սպաներ դուրս հանվել այդ ցուցակից և ինչպես են բազմաթիվ մարդիկ ստացել բնակարաններ, որոնք դրա կարիքը չունեին։

Փաստորեն 4 տարի էր պետք՝ հանգելու եզրակացության, որ առկա է քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր։

Ու մինչ իմ վստահորդները նախորդ 4 տարիների ընթացքում այդպես էլ չստացան իրենց բնարականները, այդ ընթացքում Վիգեն Սարգսյանը ոչ միայն հեռացավ Հայաստանից, այլև մի քանի ամիս առաջ շուրջ 2․5 միլիոն ԱՄՆ դոլլարով վաճառեց Հյուսիսային պողոտայում ազնիվ քրտինքով գնված իր սեփական բնակարանը։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոստովանում էր, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք ձախողվել են։

Ես, որ վերջին տարիներին անընդհատ բարձրաձայնում եմ այն մասին, որ գործող կառավարությունը տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը, գործող իշխանության կողմնակիցներն ու հազարավոր ֆեյքեր հարձակվում են ինձ վրա։

Հիմա բարի եղեք ներողություն խնդրեք ու հաստատեք, որ ես ճիշտ եմ ասում։

Հ․Գ․ Եթե այս գործով հնարավոր էր 4 տարի առաջ հարուցել քրեական հետապնդում և ողջամիտ ժամկետում քրեական գործի ավարտն օրենքով սահմանված կարգով հասցնել տրամաբանական ավարտին, ապա ինչու՞ և ու՞մ հրահանգով այս գործը թողնվեց քննչական մարմնի փոշոտ դարակներում։

Ի վերջո՝ ակնհայտ է, որ այս տարիներին ամեն ինչ արվեց, որ բոլոր տեսակի վիգենսարգսյանները պլստան պատասխանատվությունից /Արդեն տհաճ էլ է խոսել այդ մասին/։

Բայց բարի եղեք հնարավորինս շուտ հատկացնել տարիներ շարունակ անտուն մնացած հարյուրավոր սպաների բնակարանները։

Նրանք մեղավոր չեն, որ 20 տարի ծառայելուց հետո չեն կարողանում մեկ բնակարան ունենալ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարների մեծագույն մասը դոլլարային միլիոնատերեր են»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print