Դատավորը նշեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է, և այն մերժվում է
Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այն ներկայացրել էր Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը։
Որպես միջնորդության հիմք՝ Գրիգորյանը դատարանում նշեց, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։ Նա նշեց, որ վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։
«Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է, և այն մերժվում է»,- ասաց Բադալյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:
Գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:
Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: