Վարչապետ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ պետքարտուղարին

Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում:

Գերմանիայի ԱԳ պետնախարարն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print