Առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն: «Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում»,- ասել է նախարարը։
Առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները:
«Այս ուղղություններն են՝ դասական ուղղությունը, այսպես կոչված դասական համալսարանը, որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում: Այս փուլում չի նախատեսվում դրա տեղակայումն Ակադեմիական քաղաքում: Երկրորդը բժշկական ուղղությունն է, բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները ներառող: Սա էլ ենթադրում ենք, որ այս պահին Ակադեմիական քաղաք տեղափոխվելու կարիք չունի:
Վերջին 4 ուղղություններն այն բուհերն են, որոնց տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում: Տեխնոլոգիականը, որը հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներն է ներառում, այդ թվում՝ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները: Կրթականը, որը կրթական և հարակից գիտությունների բնագավառներն է ներառում, արվեստներինը, որտեղ կարող են լինել ինչպես արվեստի, այնպես էլ մշակութաբանական մասնագիտություններ: Սպայականը, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթական և հետազոտական ծրագրերի ուղղությունն է ներառում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման և հետագա գործառնության համար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի հետագա զարգացման, ընդլայնման հնարավորությունները, նախատեսել ուսուցման գործնական փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, կանաչ տարածքներն ու այլ կարևորագույն խնդիրներ:
–