Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Մակրոնին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում նրա կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին և վերստին հրավիրել Հայաստան։ Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։

2022 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանը շնորհավորական նամակ էր հղել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և Հայաստան հրավիրել նրան։ Նույն տարվա հուլիսին նա Մակրոնին շնորհավորական նամակ էր հղել Ազգային տոնի առթիվ և նորից հրավիրել Հայաստան։

«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչի վառ դրսևորումներն են բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը։ Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար»,– նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով Հայաստանն առանձնահատուկ արժևորում է Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։ Փաշինյանը Մակրոնին երախտագիտություն է հայտնել նաև Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը պանթեոն տեղափոխելու որոշման համար նշելով, որ այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան:

«Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում և վերահաստատում պետական այցով առաջիկայում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը»,– եզրափակել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը։ Ամրոցը կառուցվել է 1370-1382թթ. Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ, ունեցել է 8 քարե բարձր աշտարակ, 30–մետրանոց ատամնավոր պատեր: Բաստիլը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print