Լիսկայի որդին թողել է իր մեքենան եւ այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր հրապարակումներում ներկայացրել էինք Գորիսում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երեք միջադեպ, որտեղ կրկին «փայլել» էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, իսկ վերջին էպիզոդում ուղղակի կրակել էր մի անձի վրա՝ պատճառելով վնասվածք։ Եթե այդ հրապարակումները չլինեին, գուցե քրեական գործ էլ չհարուցվեր, բայց դժվարությամբ, մի քանի օր անց իրավապահները գործ հարուցեցին, սպասեցին, մինչեւ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անհետանա, ու հետախուզում հայտարարեցին։

Այժմ քրեական գործ է քննվում, նրան մեղադրում են խուլիգանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կա տուժող՝ 46-ամյա տղամարդ, որի ուղղությամբ Լիսկայի որդին կրակել է՝ վիրավորելով նրա ձեռքը։ Դատարանը բազմաթիվ քրեական պատմությունների հերոս Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ըստ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ դեպքից անմիջապես հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենան թողել է եւ այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից։ «Այս պահի դրությամբ տվյալներ, որ նա դուրս է եկել երկրից, առկա չեն, բայց որ նա թաքնվում է, փաստ է»,- ասաց խոսնակը։ 

Այս բառերը դեժավյու են առաջացնում։ Կար ժամանակ, երբ Սյունիքի մարզում գրեթե բոլոր արյունալի դեպքերը տեղի էին ունենում նախկին մարզպետի, նրա որդու, եղբորորդու կամ այլ ազգականների մասնակցությամբ։ Նրանց հանդեպ հետախուզում էր հայտարարվում, ասում էին, որ նրանց չեն կարողանում հայտնաբերել, ծեծկռտուքների մասնակիցներին, եթե նրանք Լիսկայի ազգականներն էին, ներգրավում  էին ընդամենը որպես վկա։ Իսկ երբ հայտնաբերվում էին, հանկարծ տուժողները հրաժարվում էին իրենց պահանջներից, կամ հենց նրանք էին կատարվածի համար մեղավոր հռչակվում։   
Տիգրան Խաչատրյանին 2015 թվականին Սդղի գյոլի ծեծկռտուքի աղմկահարույց քրեական գործով երկար ժամանակ փնտրում էին, իրավապահները հայտարարում էին, որ նրա գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել, սակայն Գորիսում նրան տեսնողներ էին լինում։ Չի բացառվում, որ այսօր էլ Լիսկայի որդին, ում հայրը տեւական ժամանակ է՝ Ֆրանսիայում է բնակվում, շարունակում է թաքնվել նույն սխեմայով՝ համագործակցելով իրավապահների եւ տեղի ՔՊ-ականների հետ։ Հիշեցնենք․ Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին, ըստ ՔԿ տվյալների, կրակոցներ է արձակել ավտոսպասարկման կետում, աղմկել է, հայհոյել աշխատակիցներին, ապա «հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնաս»։ Այդ տղամարդն անվադողեր էր վաճառում Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Վեճի թեման եղել է այն, որ տուժողի եղբորորդին նրան դիմել է՝ ասելով Տիկո։ Սյունիքի նախկին մարզպետը եւս հետախուզման մեջ է, մեղադրվում է մի շարք հոդվածներով, նրանց պատկանող գույքի բռնագրավման հետ կապված գործ էլ կա հարուցված»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print