Որոշման հանաձայն` Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անձանց տեղաշարժը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«ՄԻԵԴ–ը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թ դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։