Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Հայաստանի ամենամեծ հանքավայրը, որտեղից արդյունահանվում է պղնձի ու մոլիբդենի հանքաքար, վերամշակվում խտանյութի և արտահանվում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում արդիականացման աշխատանքներ են իրականացվում․ նախորդ տարվա ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 16 նոր բեռնատարներ՝ 90 տոննա տարողությամբ, 5 էքսկավատորներ, գործարկվել է մասնատման աշխատանքներ իրականացնող նոր բաժանմունք և այլն։ 70-ամյա կոմբինատը, որ առնվազն ևս 100 տարվա կյանք ունի, ներկայում տարեկան արդյունահանում է 22 մլն տոննա հանքաքար։ Նախատեսվում է մոտ ապագայում այս ծավալները հասցնել 30 մլն-ի։
«1952 թվականին արդյունահանվել է 250 հազար տոննա, այսօր դա 3 օրվա աշխատանք է մեզ համար։ Այժմ 22 մլն տոննա է արդյունահանվում»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ հավելելով, որ Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման համար անհրաժեշտ է ընդլայնել թե՛ Քաջարանի, թե՛ Ագարակի հանքերի ծավալները։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Հայաստանի ամենամեծ հանքավայրը, որտեղից արդյունահանվում է պղնձի ու մոլիբդենի հանքաքար, վերամշակվում խտանյութի և արտահանվում։
Հանքի մակերեսը մոտ 500 հա է, մի մասն արդեն ռեկուլտիվացվել է՝ լցվել դատարկ ապարներով և ծածկվել հողի շերտով։ Ներկայում շահագործվող տեղամասի տարածքում մի ժամանակ շրջապատի ամենաբարձր սարն է եղել։
Օրերս հանքում կազմակերպված շրջայցի ժամանակ բացահանքի պետ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրականացվող բոլոր աշխատանքները վերահսկվում են էլեկտրոնային ճանապարհով՝ բեռնատարների շարժից մինչև աշխատողների վարքը։ Նա վստահեցրեց՝ իրենց համար առաջնահերթություն է աշխատողների անվտանգությունը, և արդեն տարիներ շարունակ հանքում դժբախտ պատահարներ չեն գրանցվել։
«Շատ խիստ է դրված աշխատանքային անվտանգությունը։ Մեր մոտ միջադեպեր չեն լինում»,- ասաց Հարությունյանը։ Բացահանքում փոշու կառավարման նպատակով գործում են ջրցան մեքենաներ, կատարվում է մշտական մոնիթորինգ։
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը վստահեցրեց՝ Արծվանիկի պոչամբարը ևս խիստ հսկողության տակ է, արտահոսքը վերահսկվում է հատուկ պարզեցման ավազանում և նորմայի մեջ է, իրականացվում է պոչամբարի կարողությունների գնահատում․ «Ինքն ավելի շատ կարող է ծառայել, քան գործող թույլտվությունն է։ Գործող թույլտվությունը մինչև 2026 թ-ի ավարտն է»։
Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործարանում անցած տարի սկսել են թարմացնել աղացները, ֆլոտացման մեքենաները, ավտոմատացման համակարգեր են ներդրվել և այլն։
Կոմբինատի արտադրական տնօրենի տեղակալ Արտակ Ղունյանի խոսքով՝ մոլիբդենն ու պողպատը 90%-ով հանքաքարից կորզվում են․ «Մեր մասնագետները 1 շաբաթ առաջ գտնվում էին ԱՄՆ-ում։ Ձեռք ենք բերել խտացուցիչ, որը թույլ կտա կրկնակի օգտագործել ջուրը, այսինքն՝ խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները»։
Մանրամասները՝ տեսանյութում։