Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերի պատճենները։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն ու Եվդոկիմովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» չպետք է պայմանավորված լինի Հայաստանի դիրքորոշմամբ։
Խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետի մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ դա Բաքվի ինքնիշխան իրավունքն է:
Բայրամովը կրկնել է առաջարկն առ այն, որ «Աղդամ-Խանքենդի մայրուղին կարող է օգտագործվել Ադրբեջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։
Հիշեցնենք, որ Բայրամովն օրերս խոսել էր Ակնա-Ստեփանակերտ մայրուղին օգտագործելու հնարավորության մասին: