Ադրբեջանցի էկոակտիվիստները նշում են, որ «Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահանքային կոմբինատը արտանետում են ծանր մետաղներ պարունակող թափոններ», որոնք վտանգում են տարածաշրջանի բնակչության առողջությունը»։
«Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է միջազգային հանրությանը «Հայաստանի էկոլոգիական տեռորի» հետ կապված, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բողոքում մասնավորապես ասվում է.
«Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահանքային կոմբինատը արտանետում են ծանր մետաղներ պարունակող թափոններ՝ քրոմ, նիկել, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ալյումին, վանադիում, կապար։ Այդ աղտոտումն ուղղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքում գտնվող Օխչուչայ և Արազ (Արաքս) գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությունը։
Բացի այդ, Կերչիվանչայ գետի երկայնքով գտնվող Էքերեկ (Ագարակ) պղնձամոլիբդենային գործարանը Արազ (Արաքս) գետը աղտոտում է ծանր մետաղներ պարունակող հանքարդյունաբերական թափոններով։ Գոյչայի (Գեղարքունիք) պղնձաձուլարանն արտանետում է մեծ քանակությամբ ծծմբի երկօքսիդ և այլ աղտոտիչներ, որոնք առաջացնում են օդի աղտոտվածություն և թթվային անձրեւներ: Զոդ գետը, որը գտնվում է հանքավայրերի մոտ, աղտոտված է վտանգավոր ծանր մետաղներով, ինչպիսիք են պղինձը, երկաթը, կադմիումը և մոլիբդենը: Այս օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանի ավերիչ գործողությունները տեղի են ունենում հենց այն տարածքներում, որտեղ ժամանակին ադրբեջանցիները կոմպակտ ապրել են։
Բնության նկատմամբ Հայաստանի իշխանության այս անտարբեր վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքան ցածր է նա պատրաստ սուզվել իրավական և բարոյական տեսանկյունից՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը կանխելու և էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի չարամիտ գործողությունների դեմ, որոնք հակասում են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում միջազգային կոնվենցիաներով այս երկրի ստանձնած պարտավորություններին»։