ՌԴ վարչապետն ու մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Վերին Լարսի թողունակությանն առնչվող հարցեր։
Ռուսաստանի մաքսատունը կապի մեջ է վրացական կողմի հետ Վերին Լարսում օպերատիվ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար. անցակետի թողունակությունն ավելացել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը։
Մաքսային ծառայության ղեկավարի խոսքով այս հարցում նրանց օգնում են հայ գործընկերները։ Այն վայրերում, որտեղ դժվարացել է երթևեկությունը (ինչպես Վերին Լարսում), լրացուցիչ հարթակներ են ստեղծում։
«Վրացական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել կապված մեքենաների ստուգման հետ… Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են նման դեպքերում, երբ մեխանիզմները չեն գործում, երկար կանգնում են հերթերում», – ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում ասել է Դավիդովը։
Նա նշել է, որ Վերին Լարսում հաջողվել է ռեկորդային արդյունքներ գրանցել մեքենաների և բեռնատարների թողունակության առումովհունիսին 31622 բեռնատար է հատել անցակետը։ Այս տեմպը պահպանվում է նաև հուլիսին։ «Դա օրական հազարից ավելի բեռնատար է, ընդ որում, սեզոնից կախված 3-3.5 հազար թեթև մարդատար մեքենա է անցնում այդ տեղով և մինչև 15 հազար ֆիզիկական անձ։ Այնտեղ շատ մեծ է ծանրաբեռնվածությունը։ Դա բոլոր գերատեսչությունների և մեր գործընկերների մեծ վաստակն է», – ընդգծել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարը։
Վարչապետ Միշուստինը նման փոխգործակցությունն առողջ համագործակցություն է անվանել։ Նա շնորհակալություն է հայտնել տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության և մյուս գերատեսչությունների աշխատակիցներին Վերին Լարսի թողունակությունը Վրաստանի հետ սահմանին ավելացնելու համար։ Միշուստինը հիշեցրել է, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքն էր։
«Մենք Սոչիում նրան համապատասխան խոստումներ էինք տվել, որոնք անշեղորեն կատարվել են… Նախևառաջ պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են, երբ նման մեխանիզմները չեն աշխատում, և նրանք հերթերում կանգնած են մնում։ Եվ գործարարները կորցնում են իրենց գումարները», – հավելել է ՌԴ վարչապետը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Վերին Լարսում երթևեկելի գոտիները 11-ից հասցվել են 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքն օրական 300-ից դարձել է 1400։