▶Վարչապետը մանրամասներ հայտնեց բրյուսելյան հանդիպումից

Եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և ԼՂ- ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ արդյունք չտվեց։ Կառավարության՝ հուլիսի 20-ի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից:

Վարչապետի խոսքով՝ քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների օրակարգը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։

«Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների՝ այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց նաև, որ հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է ԼՂ-ում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով։

Վարչապետը նաև ցավով արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչ օրս չեն կատարվել, և կարծիք հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print