Բաքուն նշում է, որ մետաղագործական գործարանը կարող է բացահայտ բացասական անդրսահմանային ազդեցություն ունենալ:
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Այս մասին հայնում է APA-ն՝ մեջբերելով Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակը։
Նամակում մասնավորապես ասվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Երասխ գյուղի մոտ իրականացվող գործողությունների (կարող են անդրսահմանային հետևանքներ ունենալ) կապակցությամբ հարուցվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայով»։
Հատկապես ընդգծվում է, որ համաձայն Կոնվենցիայի Հավելված 1-ի` մետալուրգիական գործարանը կարող է բացահայտ բացասական անդրսահմանային ազդեցություն ունենալ:
Նշվում է նաև, որ համաձայն Կոնվենցիայի Հավելված 3.1. Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության մասին։ Սակայն Ադրբեջանը, որպես տուժող, Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել այս նախագծի վերաբերյալ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հաշվի առնելով վերը նշվածը, համաձայն Կոնվենցիայի Հավելված 3.7-ի Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել նախագծի բացասական ազդեցությունը քննարկելու համար:
Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել շինարարությունը, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։
Նշվում է նաև, որ այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։