Հայաստանում կգործի մինչև 8 պետական բուհ

Բուհերի խոշորացման գործընթացում կարող են միանալ նաև ոչ պետական բուհերը:

ԿԳՄՍՆ-ն մինչև 2030 թվականը ազդարարում է կրթության զարգացման ռազմավարության իրագործման փուլ, որով նախատեսվում է, որ Հայաստանում պետք է գործի մինչև 8 բուհ՝ լիարժեք պետական ֆինանսավորմամբ: Կառավարության այսօրվա նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ներկայացնելով կրթության զարգացման ռազմավարության մանրամասները:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 17-ին հրապարակվել է բաց հրավեր՝ ուղղված բոլոր բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին, որպեսզի մինչև փետրվարի 15-ը մասնագիտական հանրույթի հետ անցկացվեն քննարկումներ, ինչի արդյունքում կընդունվեն հայեցակարգային առաջարկներ:

Մշակված ռազմավարության արդյունքում առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոնք կարիք ունեն բարձրագույն կրթության կազմակերպման: Դրանք են.

  1. դասական ուղղվածությամբ բուհը, որտեղ պետք է լինեն հիմնականում հիմնարար գիտությունները, այդ թվում՝ թե՛ բնագիտական, թե՛ հասարակական, թե՛ հումանիտար բնագավառների.
  2. բժշկական ուղղությունը.
  3. տեխնոլոգիականը, որում ներառվելու են կիրառական գիտությունները՝ ճարտարագիտության բնագավառը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները.
  4. կրթականը.
  5. արվեստներինը.
  6. սպայականը:

Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է, որ 1-ին փուլում այս 6 ուղղությունից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը, կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում, որն արդեն պլանավորվում է:

Փաշինյանն իր հերթին նշեց, որ այդ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային բոլոր ստանդարտներին, և Կառավարությունը պետք է այդ բուհերի ֆինանսավորման 100 տոկոսն իր վրա վերցնելու պարտավորություն ստանձնի:

«Մենք պարտավորվում ենք ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխանող բուհեր, բուհերի ֆինանսավորում՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց. «2027-ից հետո մենք թույլ չենք տալու հավաստագրման, արտոնագրման, լիցենզավորման պայմաններին չբավարարող բուհերի գոյություն ՀՀ-ում՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պետական: Էլի ուզում եմ ասել՝ այսօր ՀՀ-ում չկա գեթ 1 բուհ՝ ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը մեր օրենսդրությամբ և հավաստագրման, արտոնագրման պայմաններին համապատասխանի. չկա այդպիսի բուհ»:

ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ բուհերի խոշորացման գործընթացում կարող են միանալ նաև ոչ պետական բուհերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print