Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար․ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները։

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում։

«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու համար։ Կարծում ենք նաև, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ փոխհամաձայնեցման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Հիմք ենք ընդունում այն, որ սույն համաձայնագրի անբաժան մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ կատարումը, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասել է Լուկաշևիչը:

Նա նշել է ռուսական կողմի տրամադրվածությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի  Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print